06/03/2015 13:10
Քաղաքականությունը շուկա է՝ պահանջարկ կա, առաջարկ չկա․ Ա․ Իսկանդարյան
«Տեղի ունեցավ բավական տրամաբանական ավարտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով երեկ կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի մասին:
Ըստ քաղաքագետի՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, դրանով ավարտվեց այն քաղաքական ինտրիգը, որը վերջին մի քանի շաբաթում կար: Քաղաքագետը նշեց, որ վերջին զարգացումները ևս մեկ անգամ վերահաստատեցին այն տեսակետը, որ ՀՀԿ-ն առաջիկա բոլոր ընտրություններում գործընթացներում հաղթելու է, քանի որ որպես այդպիսին, ընդդիմություն չկա:
Ա. Իսկանդարյանը կարծում է, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում» ասացվածքն այս դեպքում չի գործում, քանի որ չկան գործընթացներ, որոնք կհուշեն, որ այդ տեղը կարող է լրացվել:
Ընդդիմադիր ուժերն, ըստ Իսկանդարյանի, խոսքից ավելի բան չեն անելու:
«Իրար կմեղադրեն, կվիճեն, թե որն է իրական ընդդիմադիր, իրական ընդդիմություն»- նշեց քաղաքագետը և ավելացրեց, որ վաղօրոք կարող է ասել ՝ ոչ ոք իրական ըննդիիմություն չէ:
Ա. Իսկանդարյանը կարծում է, որ նոր ընդդիմադիր ուժերի ձևավորման համար քիչ ժամանակ կա, առջևում ընտրություններ են, իսկ ուժեր, որոնք ֆինանսապես, մեդիա ու փորձագիտական ռեսուրսներով պատրաստ կլինեն, չկան:
Խոսելով ԲՀԿ-ի մասին՝ քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ-ն այլևս ոչ մի ազդեցություն քաղաքական դաշտի վրա ունենալ չի կարող, իսկ եթե կուսակցության լիդերը մեկ հարվածով ոչնչանում է,նա անելիք չունի: Գագիկ Ծառուկյանի հետագա դերակատարումը, ըստ բանախոսի, կարող է քննարկվել միայն կֆինանսավորի նա ԲՀԿ-ին, թե ոչ, հարացդրման շրջանակներում:
Ա. Իսկանդարյանի համոզմամբ՝ քաղաքականությունը շուկա է. պահանջարկ կա, բայց առաջարկ չկա, իսկ Հայաստանում կա այնպիսի սոցիալական դժգոհություն, որը բավարարելու կամք ունեցող քաղաքական ուժը կարող է հաջողություններ ունենալ: