13/03/2015 17:47
Հ. Ալումյան. Գործը Հայաստանում ընթացքի մեջ է, բայց հույս չկա արդարության, դրա համար էլ դիմեցինք ՄԻԵԴ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ գանգատում իրենք ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները:
Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ դատավճռով:
Փաստաբանի խոսքով՝ Ավետիք Բուդաղյանի դեպքում այդ երկու կետերն էլ խախտվել են: Հ. Ալումյանը նկատեց, որ Ավետիք Բուդաղյանը առանց դատարանի որոշման, միայն քննիչի որոշմամբ ճանաչվել է հանցավոր և նրա նկատմամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել՝ մահվան հիմքով:
Ըստ փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումներով պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը, այսինքն՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ Կյանքի իրավունքը և մի շարք այլ դրույթներ ևս:
Հարցին՝ թե ի՞նչն է ստիպել Բուդաղյանների հորը դիմել ՄԻԵԴ՝ փաստաբանը պատասխանեց. «Որոշեցին իրենց իրավունքները պաշտպանել ՄԻԵԴ-ում: Գործը Հայաստանում ընթացքի մեջ է, բայց ինձ դուր չի գալիս այդ ընթացքը»,- ասաց փաստաբանը՝ շարունակելով, որ դատավորները, ճիշտ է, կողմնակալություն չեն պահում, սակայն հույս չկա, որ այստեղ արդար քննություն կընթանա:
Նախորդող հրապարակում՝ Բուդաղյանները կդիմեն ՄԻԵԴ՝ չսպառելով ներպետական դատական ատյանները