14/03/2015 10:16
«Երբ իրենք սկսեցին ջերմոցներ կառուցել` օրենքներ մտցրեցին»
Վերջին տարիներին կառավարության նիստերում հաճախ կարելի է հանդիպել, որևէ ջերմոցային տնտեսությանը պատկանող սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարման ժամկետը մինչև 3 տարի երկարացման ռեժիմ տրամադրելու վերաբերյալ հարցը:
Մասնավորապես, կառավարությունը արտոնություններ է սահմանել «Էկոտոմատո» ընկերության համար, որը հոլանդական վարդերի արտադրություն էր հիմնել Կոտայքի մարզի Գողթ գյուղում: ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների վերաբերյալ: Հայաստանից ԱՊՀ և Եվրամիություն ջերմոցային բանջարեղենի ու ծաղիկների պոտենցիալ արտահանող «Գրինհաուս» ՓԲԸ-ը ԱԱՀ վճարման հետաձգման հնարավորություն է ստացել: Գործադիրը թույլատրել է «ՄԱՎԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին ևս ԱԱՀ-ի ԱԱՀ-ի վճարման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Նշենք, որ այս ջերմատնային ընկերությունները հիմնականում վերջին տարիներին են կառուցվել և զբաղեցնում են մինչև մի քանի հա տարածք, հիմնականում հագեցված են նորագույն հոլանդական սարքավորումներով և նյութերով:
Նշենք, որ ԱԱՀ-ի վճարման ժամկետը երկարացման ռեժիմը գործում է մի քանի տարի, իսկ մինչ այդ համանման առաջարկով ջերմատնային բիզնես ունեցողները դիմում էին կառավարություն, սակայն ապարդյուն:
«Տարիներ առաջ մեր ասոցիացիան դիմել էր կառավարություն ներկրվող տեխնոլոգիաների վրայից հարկերը հանելու առաջարկով, սակայն որևէ արձագանք չկար: Էդ գործընթացը սկսեցին, օրենքներ մտցրեցին, երբ իրենք սկսեցին ջերմոցներ կառուցել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը՝ հավելելով.
«Մեզ ասում էին՝ պիտի մեկ մլն դոլարի ապրանք բերեք, որ արտոնություններ տան, բայց ո՞վ է ֆերմերին այսօր այդքան վարկ տալիս, որ մենք էլ բերենք: Այս տարիներին ինչ էլ ներկրել ենք, վճարել ենք բոլոր հարկերը»:
Նշենք, որ Ասոցիացիայի անդամների մշակած առավելագույն մեծ ջերմատունը մեկ ու կես հա է: Այժմ ցանկանում են նոր ջերմատներ կառուցել. ռուսական կողմն առաջարկել է վարկ տրամադրել, հոլանդական սարքավորումներ են ներկրելու:
Նշենք, որ ըստ գյուղատնետսության նախարարության տվյալների, որոնք հավաքագրվել են մարզպետարաններից դեռևս 2011թ-ին, նոր տվյալները պատրաստ կլինեն այս տարվա մարտին, հանրապետությունում շահագործվում է 500 հա ընդհանուր մակերեսով ջերմատներ, որոնցից 145 հա-ը տաքացվող , այդ թվում 1.9 հա-ն նորագույն տեխնոլոգիաներով:
Իսկ 2014թ-ին համապատասխանաբար 640հա և 250 հա ընդհանւոր մակերեսով ջերմատներ: Ավանդական տեխնոլոգիաներով գործող ջերմատներում մեկ քառ մետրից ստացվում է 8-20 կգ բերք, իսկ նորագույն տեխնոլոգիաների կիրառման դեպքում` մինչև 40-50 կգ:
Ջերմատնային ոլորտի զարգացման համար վերջին տարիներին գյուղատնետսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում. Խոշոր բիզնեսների համար ինչպես տեսնում ենք արտնություններ այնուամենյանիվ սահմանված էին, սակայն այլ է իրավիճակը մանր և միջին ջերմոցային տնտեսություններում:
Թեև գյուղատնետսւոյթնա նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ «Ցանկացած անհատ կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ջերմոցատեր կարող է օգտվել օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնություններից` անկախ իր կողմից տնօրինվող ջերմատան չափից ու գտնվելու վայրից», սակայն ինչպես տեսնում ենք արտոնություներից օգտվել են միայն խոշոր ջերմոցային տնտեսություններ ունեցողները, գուցե վաղն իրավիճակը փոխվի:
ՀՀ կառավարության 2015թ-ի փետրվարի 12-ի նիստում ընդունվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի, ջերմատնային կոնստրուկցիաների, ջերմատնային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների, ինչպես նաև ներմուծումն, այնպես էլ ներքին շրջանառությունը կազատվեն ԱԱՀ վճարումից: