20/03/2015 19:51
Հայտնի են վիրավորներ զինվորների անունները. Երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Նախօրեին Արցախի հյուսիսային ուղղությամբ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված զինվորներից երկուսն արդեն Երևանում են: Նրանց վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը.
«Մեզ մոտ Արցախից տեղափոխվել են Գաբրիելյան Սարգիսը՝ նրա դեպքում կատարվել է աջ ձեռքի անդամահատում՝ բազկից և Մարտիրոսյան Էդգարը, ով ունի որովայնի վնասվածք: Վիրահատական միջամտության մասին այժմ խոսք չկա»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի հոսպիտալում եղած երկու զինվորների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, ինչի պատճառով էլ նրանց Երևան չեն տեղափոխում.
«Ստեփանակերտի հոսպիտալում են Դարմանյան Գոռը, ում ոտքն են անդամահատել և Հակոբյան Սամվելն, ով ունի գլխի վնասվածք»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետի խոսքով՝ հիմա Ստեփանակերտում բժիշկներն ամեն բան անում են երկու զինվորի կյանքը փրկելու համար: