24/03/2015 16:11
Պարզաբանում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարագրի վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ժողովուրդ» օրաթերթում և զանգվածային լրատվության այլ միջոցներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի վերաբերյալ հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը հանձնվել է 2014 թվականի փետրվարի 6-ին, իսկ թղթային տարբերակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է մուտքագրվել 2014 թվականի փետրվարի 13-ին:
Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս արդեն իսկ հանձնված հայտարարագրում կատարել ուղղում, որի ընթացակարգը նկարագրված է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի օգտվողի ձեռնարկում:
2014 թվականի փետրվարի 19-ին տեխնիկական թերությունների հետ կապված հանձնվել է հայտարարագրի ուղղված տարբերակը, որն էլ հրապարակվել է: Ուղղում-հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարագրման էլեկտրոնային համակարգը հայտարարագրի ներկայացման ժամկետ է ճանաչել ուղղված հայտարարագրի ներկայացման ժամկետը:
Հետագա անհարկի շահարկումներից խուսափելու համար ներկայացնում ենք նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի 2014 փետրվարի 6-ի էլեկտրոնային եղանակով հանձնված տարբերակի առաջին էջի և 2014 թվականի փետրվարի 13-ին մուտքագրված թղթային տարբերակի 1-ին էջի լուսապատճեները 1 և 2:
Հանձնաժողովը պատրաստակամ է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ և խնդրում է հայտարարագրերը լուսաբանելիս համագործակցել Հանձնաժողովի հետ»: