24/03/2015 17:59
Լ. Զուրաբյանը չի հրաժարվում «համաժողովրդական» եզրույթից
ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, որի շրջանակում ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումներին, ինչպես հիշում ենք, ՀԱԿ-ը չի մասնակցում:
«Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություն, որի հիմքում ընկած է երկրի կառավարման մոդելը փոխելու գաղափարը: Զավեշտալին այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքը հրապարակավ հայտնել է, անձամբ կողմնակից է կառավարման գործող մոդելին և դեռ վստահ չէ, որ կառավարման խորհրդարանական մոդելը կարող է ապահովել Հայաստանի արտաքին և ներքին կայունությունն ու անվտանգությունը ` ընդունելով միաժամանակ, որ գործող Սահմանադրությունն այդ առումով իր առաքելությունը կատարում է»,- հայտարարեց նա` նշելով, որ Սերժ Սարգսյանի վերարտադրման միակ խոչընդոտը մնացել է գործող Սահմանադրությունը:
Լ. Զուրաբյանի խոսքով` ժողովրդավար ազգերը գիտակցում են, որ կառավարման ձևը մեկընդմիշտ հաստատված խաղի կանոն է, քաղաքական պայքարի մեկընդմիշտ գծված շրջանակ, որի փոփոխությունը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում Սահմանադրությունը վերածվում է իշխանությունը պահելու գործիքի:
«Երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգի արատավորությունը որևէ կապ չունի Սահմանադրության հետ և խորացող ճգնաժամի պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխությունը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ` ապահովել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը 2018թ-ից հետո»,- հայտարարեց նա ու հավելեց` ոչ մի արժանապատիվ ազգ թույլ չի տա բռնապետության դեմ երաշխիք հանդիսացող Սահմանադրության նկատմամբ նման ոտնձգություն: ՀՀ բոլոր առողջ քաղաքական ուժերը և հասարակությունը կմիավորվեն նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու համաժողովրդական հանրաքվեի վերածելու համար: