25/03/2015 13:09
Կառավարությունը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային նոր տարածք կտա
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առկա է որոշման նախագիծ, որը նախատեսում է ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալ:
Ավելի ընթեռնելի լեզվով ասած` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական կողմին տրամադրել Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից` Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 173/3 հասցեի հողամասը` դրանում առկա շենք շինություններով հանդերձ:
Ըստ արձանագրության` տարածքը տրամադրվում է հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար:
Ի դեպ, այս կապակցությամբ համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարությունը որոշման նախագծի վերաբերյալ սզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունի: Այս մասին նամակով տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: