25/03/2015 18:06
Դ. Հարությունյան. Գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտեր ներկայացված չեն
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցոեւթյան պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց առաջիկայում կանխատեսվող գազի և էլեկտաէներգիայի թանկացումներից:
«Բոլորովին վեջերս Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի ու էլեկտրաէներգիայի ներքին սպառումը տարեցտարի ավելանում է 5-10 տոկոսվ, սակայն պաշտոնապես կառավարությունը հայտարարել է, որ դա այդպես չէ: Բազմիցս է խոսվում գազի և էլեյկտրաէներգիայի թանկացման մասին: Թեև պնդում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդպիսի հարց չի քննարկել, ուզում եմ հասկանալ, այս տարի սպասվո՞ւմ են նման թանկացումներ, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հարցին պատասխանելով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հստակ պատասխան այս առնչությամբ չկա, բայց եթե ունենանք դրամի տատանումներ, բնականաբար կլինեն նաև սակագնային փոփոխություններ:
Նա վստահեցրեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի սակագնային փոփոխություններ չլինեն, այնուամենայնիվ, ցավոք սրտի, բազմաթիվ գործոններ այստեղ իրենց ազդեցությունն են թողնում: «Այնուամենայնիվ, այս պահին նման փոփոխություններ տեղի չեն ունեցել սակագներում: Նման հայտ այս պահին ևս ներկայացված չէ: Այսինքն՝ չկա ոչ միայն նման որոշում, այլև՝ հայտ»,- պարզաբանեց Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ սակագները փոխում է ոչ թե Կառավարությունը, այլ՝ հանձնաժողովը, սակայն միայն այն դեպքում, երբ տվյալ ընկերությունը հայտ է ներկայացնում:
Հովհաննես Մարգարյանն արձագանքելով հայտարարեց, որ խոսքը վերաբերում էր ոչ միայն գազի սպառման սակագնին, այլև էլեկտրաէներգիային: «Այսինքն՝ նույն իրավիճակում է գտնվում նաև էլեկտրաէներգիայի սակագի՞նը»,- հետաքրքրվեց պատգամավորը, որին ի պատասխան Դ. Հարությունյանը ասաց, որ այս կապակցությամբ կառավարությունը հստակ ոչինչ ասել չի կարող, քանի դեռ չկա որևէ հայտ, հանձնաժողովի որևէ որոշում:
«Եթե Ձեր հարցադրումը վերաբերում է կանխատեսումներին, ապա այստեղ բազմաթիվ գործոններ են ազդում: Բայց հստակեցնեմ, որ եթե մենք ունենում ենք ջրառատ տարի, ապա ՀՀ-ն հաջողվում է համեմատաբար ավելի էժան էկելտրաէներգիա ունենալ, բայց եթե լինում է երաշտ տարի և ջուրը քիչ է լինում, հնարավոր չի լինում արտադրել էլետրաէներգիա: Այդ պակասուրդը լրացվում է ջերմակայանների գործարկմամբ, ինչը անհամեմատ ավելի թանկ է»,- ասաց Դ. Հարությունյանը: