31/03/2015 15:24
Ալյուրի հարստացումը կհանգեցնի հիվանդությունների
Ալյուրի հարստացումը կարող է հանգեցնել որոշակի հիվանդությունների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը հաղորդեց, որ կան երկրներ, որոնք հրաժարվել ալյուրը հարստացնել երկաթով և ֆոլաթթվով, կան երկրներ, որոնք ընդունել են, սակայն որոշակի պայմաններով:
«Չիլիի օրինակը, որտեղ ալյուրի նույնատիպ հարստացման հետևանքով կարճ ժամանակում արձանագրվել է հաստ աղիքի քաղցկեղի տարածում»,- ասաց Ռ. Հայթյանը:
Խոսելով Հայաստանում ալյուրի հարստացման պատճառների մասին, այն է` բնակչության կեսն աղքատ է և չի սնվում երկաթով ու ֆոլաթթվով հարուստ սննդով, նա հարցադրում արեց՝ այդ դեպքում ինչո՞ւ հումքի որակի մասին չեն մտածում, չեն քննարկում բարձր տեսակի այլուր արտադրելու և ցորենի թեփազատում չկատարելու հարցերը:
Բանախոսը չգիտեր, թե ինչու են ալյուրի հարստացումը փորձում պարտադրել այնպիսի երկրների, ինչպիսին Հայաստանն է և աֆրիկյան՝ շատ ավելի թույլ երկրները. «Նախկին առողջապահության նախարար Դումանյանը կտրուկ հրաժարվել էր այդ գործընթացից»:
ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը նշեց, որ հացը հարստացնելը ճիշտ չէ, քանի որ առանց այդ էլ սննդակարգի մեջ բազմաթիվ հավելանյութեր են մտել, որոնցից յուրաքանչյուրը բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Տարեկան մեկ մարդուն միջին հաշվով 4 կգ սննդային հավելանյութ է բաժին հասնում, որի անհրաժեշտությունը չկա:
«Միջինում 450 գրամ հաց է մարդը օրական օգտագործում, բայց հաշվի առնելով, որ մենք հացը երկու անգամ ավելի շատ ենք օգտագործում, ապա նման դեպքում կառաջանա հավելանյութերի՝ նորմայից բարձր քանակություն: Եթե երկաթի քանակի պակասը հանգեցնում է որոշակի հիվանդությունների, ապա նույնքան էլ առաջանում է ավելցուկի դեպքում։ Իսկ մեզնից ոչ ոք չի կարող ստուգել՝ ինչքան կերավ, որքանը յուրացրեց և այլն, մանավանդ հայտնի է, որ մենք չափից շատ հաց ուտող ազգ ենք»,-ասաց Վ. Մելքիսեթյանը:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը ալյուրի հարստացման նախագծի հեղինակների հիմնավորումը, թե իրենք ընդամենը այս միջոցով վերականգնում են ցորենից առանձնացված կեղևի պարունակությունը, բացարձակ սուտ որակեց՝ այդ գործընթացը բնորոշելով որպես ազգային աղետ:
«Օրինակ՝ Կանադայում քաղցկեղը ազգային աղետի է վերածվել: Այս երկրում, որտեղ ալյուրը հարստացվում է, չորսից մեկը քաղցկեղից է մահանում»,-ասաց նա՝ նշելով, որ սննդի ապահովման միջազգային կազմակերպություն գոյություն ունի, որը ոչ այլ ինչ է, քան բիզնես կազմակերպություն, որը սննդային հավելումներ է արտադրում։
«Իսկ ի՞նչ պետք է անի այդ հավելումները, եթե ոչ պարտադրի Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի միջոցով: Աֆրիկյան թույլ երկրներին կարողանում են պարտադրել, քանի որ եվրոպական երկրներին չեն կարողանում պարտադրել, օրինակ՝ Դանիան ընդունել է, հետո մերժել է, Շվեդիան է դադարեցրել ու արգելել, Մեծ Բրիտանիան 10 տարուց ավելի քննարկում է և չի ընդունվում, չնայած լորդերի ճնշմանը, իսկ ՌԴ-ն հրաժարվեց ընդունել: Հիմնականում այս է, հետազոտություն չկա, տվյալներ չկան, բայց մեր իշխանությունները ևս կողմ են արտահայտվում»,-ասաց Աշոտ Կարապետյանը և աբսուրդի գագաթնակետ որակեց այն, որ ալյուրի հարստացման անվտանգության պատասխանատվությունը ալյուր արտադրող ձեռնարկության վրա է:
Նշենք, որ ստորագրահավաք է սկսվել ընդդեմ ալյուրի հարստացման: