02/04/2015 14:10
Վարչապետ. Լուրջ բեռ ենք վերցրել մեր ուսերին. Աշխատակիցներին պետք է «Նաիրիտը վճարի
Այսօր, արդեն հերթական անգամ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: շ
Նիստի ժամանակ «Նաիրիտի»` մասնավորապես աշխատավարձերի, խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ «ինչ խոստացել ենք, մեր խոստումները կատարել ենք», հատկապես չցանկացավ, որ «փողոցային խոսակցություններ» լինեն:
«Մեր վերջին հանդիպման ժամանակ ես իրենց ասել եմ. մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարվա վերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Պայմանավորվածություն է եղել նաև, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն, սա կառավարության պարտքը չէ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ կառավարությունը լուրջ բեռ է վերցրել իր ուսերին` «իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում»:
Էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում «Նաիրիտում» կրճատումներ են եղել, և իրենք խոստացել են մնացող աշխատակիցներին ամեն ամիս վճարել աշխատավարձերը և մինչև հունվար ամսվա աշխատավարձերը վճարվել են:
Երվանդ Զախարյանը հաղորդեց, որ «Նաիրիտը» գույք ունի, որն անգամ գործարանի գործարկման ժամանակ անհրաժեշտ չի լինելու, և այդ գույքի վաճառքի գումարների հաշվին կփակվի աշխատավարձերի պարտքը:
«Այսօր ձեր համակարգում, իհարկե ոչ ձեր պատճառով, բայց կան մեծ պրոբլեմներ, այդ ճահիճը պետք է վերացնենք ու հասկանանք, թե ոնց ենք վերացնելու։ Հիմա դուք ուզում եք նորից բեռ վերցնել: Մենք ահագին բեռ ենք վերցրել, ամեն ամիս, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, մոտ 400 միլիոնի չափ աշխատավարձ ենք վճարել լրացուցիչ: Մենք դրա պարտավորությունը չունենք»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: