03/04/2015 14:49
Անժելա Սարգսյանի «տղամարդը» ազատ արձակվեց
Անժելա Սարգսյանի «տղամարդը»՝ Կարեն Արայանը, քիչ առաջ ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Կ. Արայանի մայրը՝ Մարինա Արայանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ ընդունված իրենց դիմումի գործով որևէ առաջընթաց դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը դատապարտվել էր ազատազրկման դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը) և 144-րդ հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով: