13/04/2015 11:34
Դատարանը այսօր կքննարկի Լևոն Հայրապետյանի կալանքը երակարցնելու հարցը
Բասմանի դատարանը այսօր քննելու է հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը մինչև հուլիսի 15-ը երկարացնելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Ըստ մեղադրանքի՝ 65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար:
Նա ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Լ. Հայրապետյանի փաստաբանը ավելի վաղ ասել էր, որ Լ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի վաղեմության ժամկետը լրանալու և համաներման հիմնավորմամբ, քանի որ Լ. Հայրապետյանին վերագրվում է հանցագործություն, որը կատարվել է 2003թ. «Բաշնեֆթի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի կողմից, և այն հետաքննվել է մինչև 2010թ, երբ հետաքննությունը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով և եթե անգամ Լ. Հայրապետյանը մեղավոր լինի, նա ենթակա է համաներման:
Անդրադառնալով Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստիևից 700 հազար դոլարի հափշտակությանը՝ փաստաբանը նշել է, որ այդ գումարը փոխանցվել է ոչ թե Լ. Հայրապետյանին, այլ փաստաբան Անտոնովին, ով մինչև օրս այս գործով չի հարցաքննվել, բացի այդ, Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը վերադարձվել են պետությանը: