15/04/2015 13:20
Փաստաբան. Ակնհայտ է, որ ՀԽ անդամների կալանավորման որոշումները նախապես սևագրվել էին
«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամի կալանավորման 8-10 էջանոց որոշումները, ակնհայտ է, որ նախապես սևագրվել էին, քանի որ դրանք գրվել են 40 րոպեի ընթացքում, ինչը ֆիզիկապես անհնար է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբան Տիգրան Եգորյանը:
Տ. Եգորյանի խոսքով՝ իրենք արդեն պատրաստել են վերաքննիչ բողոքները, սակայն «քիչ հույսեր կան, որ վերաքննիչ դատարանի որոշումներն արդեն պատրաստ չեն»:
Փաստաբան Արա Զաքարյանը ասաց, որ ՀԽ անդամները հետապնդվում են քաղաքական հայացքների համար, քանի որ քրեական գործով այս պահին չկա որևէ նյութ, որը կհիմնավորի մեղադրանքը և ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար լավագույն գործիքը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածն է:
«Ակնհայտ է, որ իշխանությունները այս քայլին գնացին, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հնարավորություն չտան խիստ բացասական դիրքորոշումը հայտնեն իրենց գործունեության վերաբերյալ»,- ասաց Ա. Զաքարյանը:
Փաստաբան Լուսինե Հակոբյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հեապնդում է իրականացվում 2006 թվականից և ինչ-որ կետից կարելի է կանխատեսել, որ այս նոր առաջադրված մեղադրանքից իշխանությունները հրաժարվելու են, ինչպես եղավ 2006 թվականին: