16/04/2015 15:42
Արտակ Զաքարյան. Գալիպոլիի միջոցառումները ձախողված են
Գալիպոլիի միջոցառումները համարում եմ ձախողված, քանի որ դրա իրական նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ստվերելն էր, ինչը ձախողվեց՝ այդ գործընթացը նոր ուժգնություն ու թափ է հավաքում միջազգային հարթակներում ու կառույցներում: Վստահ եմ, որ այն կարող է շատ արագ ու անակնկալ դրսևորումներ ունենալ շատ պետությունների և հատկապես Թուրքիայի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Որպես օրինակ` նա մատնանշեց, որ ապրիլի 22-23-ը Հայաստանում անցկացվելու է «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորում, որին մասնակցելու են 500-ից ավելի խորհրդարանականներ ամբողջ աշխարհից, նաև` դիվանագետներ, պատմաբաններ, ցեղասպանագետներ, միջազգայնագետներ և այլք:
«Ֆորումը լուսաբանվելու է բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների կողմից, ինչը նշանակում է, որ բոլոր ուղերձներն ուղղվելու են միջազգային հանրությանը: Կունենանք նաև վերջնական հռչակագիր: Մի խոսքով՝ ֆորումն էական ու չափազանց կարևոր նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: