22/04/2015 13:37
Միջազգային քրեական դատարանի 1-ին դատախազ. Ապշեցուցիչ է, որ դեռ քննարկում ենք Ցեղասպանություն եղե՞լ է, թե` ոչ
Միջազգային քրեական դատարանի առկայությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք առաջ ենք շարժվում: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի ժամանակ ասաց դատարանի նախագահող, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիզ Մորենո-Օկամպոն (2003-2012):
«1915թ. նման դատարան չկար, իսկ 1945թ-ին Նյունբերգյան իրադարձությունների հիման վրա նոր-նոր դրվում էին դրա հիմքերը»,- ասաց Օկամպոն` ընդգծելով, որ այսօրվա կարևորագույն մարտահրավերներից է ստեղծել միջազգային հստակ դիրքորոշում, սահմանել մի կայուն իրավիճակ, որի ապակայունացման դեպքում աշխարհը պետք է դիմի հստակ կանխարգելող գործողությունների:
«Կարծում եմ` Հայաստանը կարող է ու պետք է նման հարցերում ղեկն իր ձեռքը վերցնի: Այսօր թեև ցեղասպանություն իրականացնող երկիրը կարող է տարբեր լծակներով ազդել աշխարհի դիրքորոշման վրա, սակայն միասնականության դեպքում ցեղասպանությունների կանխումն, այնուամենայնիվ հնարավոր կլինի»,- ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը:
Նա նշեց` ցնցված է եղած ժխտողական քաղաքականությունից.
«Այո, ինձ համար ցնցող է, ապշեցուցիչ է, որ դեռ նստած քննարկում ենք` Ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞` չի եղել»,- ասաց Օկամպոն` հույս հայտնելով, որ տեղի ունեցող համաժողովը ևս ինչ-որ տեղ կնպաստի աշխարհի դիրքորոշումը փոխելուն: