22/04/2015 19:14
Զարաքօլու. Եթե ընդունեն Ցեղասպանությունը, ամբողջ թուրքական պատմությունը, հերոսները կփոշիանան
Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերացավ ինչպես Արևմտյան Հայաստանը, այնպես էլ Պոնտոսն ու ասորիների պետությունը: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց թուրք մտավորական, հրապարակախոս Ռագըպ Զարաքօլուն:
«Թուրքիան հզոր մշակութային ժառանգության կրող էր այդ տարիներին, բայց մարդկային այդ հզոր ժառանգությունը զոհաբերվեց հանուն մի ասպետության կառուցման: Հայոց ցեղասպանությունը թուրք ազգի կառուցման հիմքերից մեկն էր: Այդ է պատճառը, որ ժխտումն այդքան ուժեղ է. Եթե ընդունեն Ցեղասպանությունը, ամբողջ թուրքական պատմությունը, հերոսները կփոշիանան»,- ասաց նա և ընդգծեց, որ ժխտողական քաղաքականությունը պայմանավորված է ևս մեկ ուժեղ գործոնով` հատուցումը հսկայական է լինելու:
Շարունակելով խոսքը՝ Ռագըպ Զարաքօլուն ասաց, որ Հայոց ցեղասպանությունն ակնհայտ է և այն ապացուցելու անհրաժեշտություն չկա:
«Այսօր Թուրքիայում արշավ է սկսվել Հռոմի պապի դեմ: Նա Օբաման չէ, նա չփոխեց իր դիրքորոշումը և իր պաշտոնավարման ընթացքն օգտագործեց հայ ժողովրդի ցավն ընդունելու համար: Այսօր էլ Թուրքիայի խորհրդարանում մեկ ձայն կա, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ներողություն խնդրելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ կինը նույնպես հարձակումների է ենթարկվում, բայց նա իրականում Թուքրիայի պատիվն է»,- եզրափակեց խոսքը նա: