23/04/2015 18:57
Արամ Առաջին. 1,5 մլն սրբացած նահատակները մեր հիշողության մեջ պիտի մնան՝ որպես անլռելի զանգակատուն
«100 տարի շարունակ մենք աշխարհին հիշեցրինք մեր 1,5 մլն նահատակների մասին, մենք չմոռացանք և չենք մոռանալու երբեք նրանց մասին: Նրանք սրբացան, որ իրենց հավատքով մեր ժողովրդի կյանքը սրբացնեն, պայծառեցնեն»,- քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասման արարողության ժամանակ իր ելույթում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը:
Շարունակելով խոսքը՝ Արամ Առաջինն ասաց, որ 1,5 մլն սրբացած նահատակները մեր հիշողության մեջ պիտի մնան որպես անլռելի զանգակատուն՝ հիշեցնելով քրիստոնեական արժեքները, ապրելու և ապրեցնելու ճշմարիտ ճանապարհը:
«Նրանք պիտի դառնան մեզ համար սրբության դարբնմոց: 100 տարի հիշեցինք ձեզ, ով սրբացած նահատակներ հայոց, պիտի շարունակենք հիշել, պիտի աշխարհին հիշեցնել և պահանջել արդարություն և մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնում»,- ասաց Արամ Առաջինը:
«Մենք կվերանորգենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալու մեր նահատակների սրբազան կտակին: Հետևաբար, նահատակներ, պահեցեք պաշտպանեցեք մեր սիրելի հայրենիքը, ցույց տվեք մեզ դեպի հավերժություն, դեպի ժողովրդի իրավունքների արդար հատուցում առաջնորդող սրբազան ճամփան»,- եզրափակեց խոսքը նա: