23/04/2015 14:32
Նալբանդյան. Ժխտողականությունն է ներկա իշխանություններին դարձնում նախկինների հանցակիցը
Ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումը մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա մեջբերեց ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագի ժամանակ հնչած խոսքը՝ «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է թողնել, որ վերքն առանց վիրակապի արնահոսի»:
«Այսօր ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, միայն դրա մեխանիզմներն են հղկվել: Խիստ դատապարտելի է ժխտողականության քողարկումը խոսքի ազատության համատեքստում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ շարունակելով.
«Ժխտողականությունն է, որ ներկա իշխանություններին դարձնում է նախկինների հանցակիցը և ժխտողականությունն է, որ հաշտեցման համար դռներ չի բացում»:
Նա շնորհակալություն հայտնեց Երևանում անցկացված ֆորումի բոլոր մասնակիցներին, հիշատակեց վերջին մեկ ամսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բոլոր փաստաթղթերն ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը հայտարարեց փակված:
Նշենք, որ դրա արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը: