24/04/2015 12:15
Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն որակեց
Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով, որի օրակարգում առկա թեման կոչվում է «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։
Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով իր խոսքում օգտագործեց ցեղասպանություն բառը՝ նշելով, որ ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի։
«Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում պատմական դեպքերի վրա, որոնք հետևանքներ թողեցին Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հարաբերությունների վրա։ Ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի, այն բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասայական և կրոնական խմբի ոչնչացում, դա այն է, ինչ տեղի ունեցավ ողջ աշխարհի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր և վերջինը չէր 20-րդ դարում։ Մեր պարտավորությունն է պատասխանատվություն կրել»,-ասաց նա։
Նորբերթ Լամերթը ասել է, որ գերմանացիները իրենց սեփական փորձից մյուսներին կոչ են անում առերեսվել սեփական պատմությանը, անգամ եթե դա ցավալի է։
«Դա հայ և թուրք ազգերի հաշտեցման պայմանն է, դրանում իրենց մեղքի բաժինն ունեցան գերմանացիները, որոնք Օսմանյան կայսրության հետ դաշինքը մարդկային կյանքերից վեր դասեցին։ Ոչ մի իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ զոհերի սերունդները արդարություն են պահանջում։ Այսօրվա Թուրքիան պատասխանատու չէ 100 տարի առաջ կատարվածի համար, սակայն նա կրում է դրա հետևանքների պատասխանատվությունը»,-ասել է նա:
Ն. Լամերթը ասել է, որ եղել են նաև շատ խիզախ քրդեր և թուրքեր, ովքեր կանգնել են հայերի կողքին:
«Դրանց թվում են գրողներ, լրագրողներ, քաղաքապետեր, կրոնական առաջնորդներ, նշեմ գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին, Հրանտ Դինքին, ով իր կյանքով վճարեց ճշմարտությունն ասելու համար։ Դրանք մարդիկ են, ովքեր վաստակել են մեր աջակցությունը»,- ասել է նա։