28/04/2015 17:30
Լ. Զուրաբյան. Միջոցառումները ոչինչ չեն փոխել և չէին էլ կարող փոխել մեր կյանքում
Հայոց Ցեղասպանության 100-ամյակը ապրիլի 24-ին նշեցինք հավուր պատշաճի: Այդ օրն աշխարհը դատապարտեց ու ասաց բառեր, որոնք շոյեցին մեր ինքնասիրությունը: Բայց ապրիլի 25-ից աշխարհն անցավ իր սովորական անցուդարձին և բարձրագոչ ճառերից հետո Հայաստանը վերադարձավ իր առօրյա անվտանգության գոյատևմանը և սոցիալ-տնտեսական կացության համար նույն ահռելի մարտահրավերներին: Այս մասին ԱԺ-ում ավանդական հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այս առումով միջոցառումները ոչինչ չեն փոխել և չէին էլ կարող փոխել մեր կյանքում, քանի որ երկիրը շարունակում է խեղդվել մենաշնորհների և անհագուրդ կոռուպցիայի ճիրաններում, կործանված է ազատ մրցակցությունը, արտագաղթը շարունակվում է աղետակի տեմպերով ավելանալ և այլն.
«Բացի այս, քաղաքացիները, որոնք վտանգ են ներկայացնում իշխող ռեժիմին, ենթարկվում են ռեպրեսիաների. 16 քաղբանտարկյալ այսօր գտնվում է Հայաստանի բանտերում»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ մարդիկ կորցրել են հավատը երկրի զարգացման հեռանկարի նկատմամբ:
Այսքանից հետո, շարունակեց նա, արդյոք կարող ենք խոսել այն մասին, որ որպես ազգ մենք ճիշտ ենք նշում Հայոց Ցեղասպանության 100-ամյակը:
«Միանշանակ ՝ոչ»,- ինքն իր հարցադրմանը պատասխանեց Լ. Զուրաբյանը: Ճիշտ նշելը, ըստ նրա, կնշանակեր ստեղծել հզոր, ազատ, ժողովրդավարական պետություն, որը կդառնար իր քաղաքացիների համար ազատ, բարեկեցիկ և ստեղծարար կյանքի ապահով օրրան:
«Ահա սա պետք է լինի մեր նպատակը և միայն այդ դեպքում մենք կկարողանանք արձանագրել, որ պատշաճ կերպով հարգել ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը և գոնե ինչ-որ չափով առաջ գնացել դրա հետևանքների հաղթահարման ճանապարհով»,- հավելեց իր ելույթը ընդդիմադիր պատգամավորը: