29/04/2015 14:06
Փոխնախարար. Առանց 2-րդ էներգաբլոկի ստիպված կլինենք օգտագործել շատ ավելի թանկ էլեկտրաէներգիա
Ազգային ժողովում «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեց՝ այս խնդիրը լուծելու համար Հայաստանը ի՞նչ ֆինանսական վարկերի տակ է մտնում: Պարզվեց, որ մեզ պահանջվում է մինչև 270 մլն դոլար գումար և 30 մլն դոլար էր տրամադրվելու է՝ որպես դրամաշնորհ Ռուսաստանի կողմից:
«Մինչև բառը խոսում է այն մասին, որ չի բացառվում, որ մենք կկարողանանք ավելի քիչ գումարներով ծրագիրն իրականացնել»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Եթե մենք այդ ծրագիրը չիրականացնենք, ապա ստիպված կլինենք լրացնել բացը ջերմային էլեկտրակայանների օգնությամբ: Ա.Գալստյանն անգամ թվեր հնչեցրեց. այս պահին ատոմային էներգաբլոկը 11 դրամով է արտադրում 1Կվտ/ժ, իսկ «Հրազդան» ՋԷԿ-ի էներգաբլոկների օգտագործման ժամանակ առնվազն 31 դրամ այն կարժենա: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում ստիպված կլինենք օգտագործել շատ ավելի թանկ էլեկտրաէներգիա:
Անշուշտ պետությունը հաշվարկել է, թե սպառողի վրա ինչ գումար կնստի, երբ Հայաստանը սկսի վերադարձնել գումարը 2019թ-ից: Փոխնախարարի խոսքով՝ դա էլեկտրաէներգիայի սակագնի վրա բարձրացում կապայովի 2.5 դրամի չափով:
Ինչ վերաբերում է Վահան Բաբայանի հարցին, թե արդյոք պաշտոնյան կարող է երաշխավորել, որ այսքանով հանդերձ ատոմակայանը մինչև 2026թ-ը, երբ պետք է հանձնվի երկրորդ էներգաբլոկը, կգործի իր բնականոն հունով, Արեգ Գալստյանն արձագանքեց, որ 100 տոկոսով չի կարող երաշխավորել, որ ուսումնասիրությունները կավարտվեն, ծրագիրը կսկսեն, գումարներն էլ կծախսեն:
«Մենք գործ ունենք մետաղի հետ և այդ մետաղի վիճակը մենք պետք է մանրակրկիտ զննենք: Եվ երբ մենք 100-անոց արդյունք կստանանք, որ մետաղը իրոք համապատասխանում է նորմատիվներին և դրական եզրակացություններից հետո միայն կարող ենք ծրագիրն իրականացնել: Առ այսօր մտավախության բան չունենք և հավանականությունը բավականին մեծ է, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի», -շեշտեց էներգետիկայի փոխնախարարը: