29/04/2015 13:50
Էլեկտրաէներգիան կթանկանա առնվազն 2.5 դրամով. Պատճառը դարձյալ ատոմակայանն է
Արդյոք ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ժամանակ կունենանք 100 տոկոսին մոտ անվտանգության ռեժիմ, ի՞նչ երաշխքիներ կան այդ առումով, քանի՞ օր կկանգնի ատոմակայանը և ինչպես այդ դադարը կանդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա, քանզի հիշում ենք, որ երբ անցած տարի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտ ներկայացվեց, փաստարկներից մեկն այն էր, որ 2013թ-ին ատոմակայանը կանգնած է եղել 88 օր: Այս հարցը ԱԺ-ում հնչեցրեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Արձագանքելով հարցին՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ այս փուլում ուսումնասիրություններ են ընթանում, որոնց ավարտին ռեակտորը նախագծողն ու պատրաստողը հանդես կգան հաշվետվությամբ, որն էլ իր հերթին կանցնի համապատասխան փորձաքննությունների: Եվ միայն դրանից հետո, երբ պարզ կլինի, որ կատարված միջոցառումները իրոք կարող են ապահովել շահագործման անվտանգության անհրաժեշտ մակարդակը, նոր այդ դեպքում, ասաց փոխնախարարը, թույլտվություն կստանան կարգավորող մարմնից՝ «Атомнадзор»-ից աշխատանքները կատարելու համար:
«Այսինքն՝ մեզ համար դա այն կատեգորիան է, որը առաջնահերթ է և սա գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ, և 10 օր հետո մենք ներկայացնելու ենք ՄԱԳԱՏԷ-ում զեկույց, թե ինչպես ենք մենք վարվում աշխատած վառելիքի ռադիոակտիվ թափոնների հետ»,- տեղեկացրեց Ա. Գալստյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը պարտադրված կանգի արդյունքում, ապա նախևառաջ նա տեղեկացրեց, որ ամեն տարի 45 օրով պարտադիր կանգնացվում է էներգաբլոկը տեխնիկական հարցերի համար: Իսկ ամեն չորրորդ տարին մեկ այդ ժամկետը մի քիչ ավելանում է: Բայց և հավաստիացրեց, թե դա լրացուցիչ բեռ սակագնի վրա չի նստի:
«Սակագնի վրա լրացուցիչ բեռ կնստի միայն վարկային ռեսուրսները վերցնելն ու դրանք մարելը, որոնք մենք վերցնելու ենք: Խոսքը մոտավորապես գնում է մինչև 2.5 դրամի մասին 1 Կվտ/ժ դիմաց»,- նշեց պաշտոնյան: