30/04/2015 17:33
Վ. Օսկանյան. Ինչ էլ արվի՝ նույնը չի լինի, ինչ նախատեսվում էր Ասոցացման պայմանագրով, բայց հնարավոր է առավելագույնս մոտեցնել դրան
«ԵՏՄ անդամակցության որոշումից հետո Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում Եվրամիության հետ իր հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքերի վրա պահելու համար: Իհարկե, ինչ էլ արվի, երբեք նույնը չի լինի, ինչ նախատեսվում էր Ասոցացման պայմանագրով, բայց կարծում եմ՝ հնարավոր է առավելագույնս մոտեցնել դրան: Շատ բան կախված է հայկական կողմի քաղաքական կամքից: Ես կարծում եմ՝ դա անհրաժեշտ է անել»,- Facebook-յան իր էջում գրառել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները միշտ էլ ունեցել են ինստիտուցիոնալ հիմք.
«1999-ին դա Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն էր, որը 2004-ին բարձրացվեց որակական նոր հարթության՝ Եվրոպական հարևանության քաղաքականության: Հաջորդ փուլը 2009-ին մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագիրն էր, որի տրամաբանական արդյունքը պետք է լիներ Ասոցացման պայմանագրի ստորագրումը 2013-ի նոյեմբերին»,- գրառել է նա՝ տեղադրելով նաև դեռևս 2007թ-ին Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակում նախարարական մի հանդիպման ընթացքում ունեցած ելույթի տեսագրությունը, որն «ուրվագծում է Հայաստանի այդ օրերի դիրքորոշումն ու մոտեցումները, հեռանկարն ու ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից»: