30/04/2015 17:03
Նաիրա Զոհրաբյանը՝ Սամվել Շառոյանին ԲՀԿ-ից հեռացնելու մասին
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով՝ Շենգավիթի տարածքային խորհրդում անցկացվել է կուսակցության նիստ և որոշվել է Սամվել Շառոյանին, ով ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ ավագանու խմբակցությունը լքելու մասին, հեռացնել նաև կուսակցությունից: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Նման որոշումը, կարծում եմ, շատ տրամաբանական է: Մեկն, ով ԲՀԿ քվոտայով դարձել է Երևանի ավագանու անդամ, դիմում է գրում խմբակցությունից դուրս գալու մասին, սակայն տեղեկացնում է, որ մնում է կուսակցությունում և քաղաքային խորհրդում՝ բնական է, որ մենք էլ մեր հետևությունները պետք է անեինք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ ավելացնելով.
«Եթե մեկը դուրս է գալիս խմբակցությունից, նշանակում է, որ չի կիսում ԲՀԿ դիրքորոշումն ու տեսակետները, այդ դեպքում որևէ կերպ նա չի կարող լինել ԲՀԿ անդամ»:
Նա Սամվել Շառոյանին ցանկացավ իր տեղը գտնել այն կուսակցությունում, որի գաղափարներն ու տեսակետները վերջինս կիսում է:
«Ինչպես բոլորին, այնպես էլ՝ Սամվել Շառոյանին մենք իր հետագա գործունեությունում մաղթում ենք ամենայն բարիք ու հաջողություններ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: