04/05/2015 14:17
«Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը նվազել են»
«2013թ. ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ իրականացվել է կանանց սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 23 հանցագործության դեպք, 2014-ին` 28, իսկ անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին 78 դեպք է գրանցվել և 2014-ին՝ 63 դեպք: Այսօր «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը:
Ըստ նրա՝ արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ևս սեռական ոտնձգություն է կատարվել` 2013-ին գրանցվել է 13 դեպք, 2014-ին` 3:
Հայաստանում 2013 թ. վերջին ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի փոփոխությունները. «Խստացվել են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար պատիժները, ըստ այդմ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը նվազել են»:
Նրա խոսքով՝ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը պակասել են օրենքի փոփոխություններով պայմանավորված:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ մի քանի աղմկահարույց սեռական ոտնձգության դեպք է եղել, երբ կասկածն ընկել է երեխայի հոր կամ ընտանիքի այլ անդամների վրա, սակայն դրանք հերքվել են.
«Պոտենցիալ հացագործները տուժողի ընտանիքի հետ արյունակցական կապ չունեցող, բայց այդ ընտանիք մուտք գործող անձինք են եղել»: