12/05/2015 15:57
Ինչպես զարգացնել տուրիզմ՝ ըստ Ահարոն Ադիբեկյանի
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանը տուրիստական մեծ պոտենցիալ ունի, սակայն այն չի օգտագործվում: Այս մասին սոցիոլոգը հայտարարեց այսօրվա ասուլիսում՝ շեշտելով, որ մեր երկիրը դրսում ճանաչելի չի, Հայաստանի մասին չգիտեն, իմացությունն էլ սահմանափակվում է հիմնականում վանքերով: Իրավիճակը շտկելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է լուրջ ծրագրային մոտեցում ու քայլեր իրականացնել:
«2014թ-ին կանխատեսում էին, թե Հայաստան կայցելի շուրջ 1 մլն տուրիստ, բայց եկավ այդ թվից 20 տոկոսով պակաս զբոսաշրջիկ: Այո, անցած տարի Հայաստան այցելել է 1.2 մլն մարդ, բայց այս թվի ո՞ր մասն են կազմում զբոսաշրջիկները: Մինչդեռ չմոռանանք, որ հենց տուրիստների հաշվին է նաև լցվում բյուջեն»,- ասաց բանախոսը՝ օրինակ բերելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը, որի բյուջեի 60 տոկոսը, Ադիբեկյանի ներկայացմամբ, ձևավորվում է զբոսաշրջիկների հաշվին:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ հայաստանյան հյուրանոցային ֆոնդը ունակ չէ տարեկան 100 հազար զբոսաշրջիկի ընդունել՝ բավարար ռեսուրս չկա:
«Մեր խնդիրը նրանում է, որ չգիտենք, թե իրականում քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելում տարեկան՝ մեր հայրենակիցները, որ ամառը գալիս են հայրենիք հանգստանալու, ապրում են իրենց կամ ազգականների տանը, այսինքն նրանք տուրիստ համարել չենք կարող: Այնպես որ մեր խնդիրնն է, որ լինի իրական տուրիզմ, այլ ոչ թե բարեկամական այցեր»,- ասաց սոցիոլոգը՝ ավելացնելով, որ թյուր է կարծել, թե տուրիզմը միայն բարեկամական այցերն են, պետք է զարգացնել «տեսնելու, համտեսելու, լսելու համակարգը, որում պետք է զարգանա նաև մեր մշակույթը»:
«Օրինակ, ես կարծում եմ, որ Հայաստանը նաև պետք է հանդես գա հետաքրքիր խոհանոցով, մինչդեռ ռեստորաններն ու հյուրանոցները խորովածից, քաբաբից ու խաշլամայից բացի այլ բան չեն առաջարկում»,- ընդգծեց նա: Բացի այս, շարունակեց նա, հայաստանյան հյուրանոցները պետք է փոխզիջումների գնան տուրիստների հետ, իսկ ավիաընկերությունները մատչելի տոմսեր սահմանեն, քանի որ ճամփորդող զբոսաշրջիկների մեծամասնությունը թոշակառուներ են: