19/05/2015 15:39
Ա. Բախշյան. Վերահսկողության և կազմակերպվածության շնորհիվ կարելի է պայքարել դրամահավաքի դեմ
Ծնողի դերը մեծ է երեխանրի կազմակերպվածության հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով դպրոցներում շարունակվող դրամահավաքին, ասաց կրթության գծով փորձագետ Անահիտ Բախշյանը:
Վերջինիս խոսքով՝ ծնողները պետք է օգնեն դպրոցին որոշ հարցերում, ինչը շատ ավելի ճիշտ է, քան ինչ որ արտադպրոցական միջոցառումներ կազմակերպելը կամ տեղի-անտեղի գումարներ հավաքելը: «Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ծնողը պետք է մասնակցի դպրոցի լրացուցիչ ֆինանսավորմանը: Նույն ուսուցչին նվեր գնելը, շնորհավորելն ամեն տեղ ընդունված է, որին բոլորն են հարազատորեն մոտենում»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ ամենն այլ երկրներում, սակայն, այնքան կամավոր է կազմակերպվում, որ որևէ ծնողի կամ երեխա իրեն վատ չի զգում և խնդիրներ չեն առաջանում, իսկ որևէ մեկի մտքի ծայրով չի անցնում, որ դրա անունը դնի դրամահավաք:
Ա. Բախշյանն ընդգծեց նաև, որ որոշ դպրոցներում այդ էպիտետի դրական կողմերն իրականում չարաշահվում են, որի համար նա առաջարկում է վերահսկողություն սահմանել: Նա նշեց, որ կրթության մասին օրենքն ասում է, որ դպրոցների խորհրդակցական մարմիններն են՝ աշակերտական, մանկավարժական ու ծնողական խորհուրդները, պետք է խոսուն մասնակցություն ունենան դպրոցի կառավարման գործընթացում, բայց այսօր այսօր այդ խորհուրդները, կարծես թե, այլ դեր են ստանձնում:
«Ծնողական խորհուրդը կարող է ունենալ հոգաբարձուների մեծ խորհուրդ, որը կորոշի, թե այդ ծնողական հիմնադրամի հետ ինչպես վարվի: Յուրանքաչյուր ծնող կամավորության սկզբունքով կարող է իր լուման ներդրնել դպրոցում, սակայն պայմանով, որ դպրոցի տնօրենը յուրաքնաչյուր ամիս պետք է հստակ հաշվետվություն ներկայացնի, թե այդ հիմնադրամի գումարն ինչ ծախսեր է հոգացել: Սա դրամահավաք չէ, այլ պատվաբեր ներդրում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր միայն վերահսկողության ու կազմակերպվածության շնորհիվ կարելի է պայքարել «դրամահավաք» կոչվածի դեմ:
«Դպրոցներում իրկանացվող դրամահավաքը այսօր համատարած է: Դա անպատվաբեր երևույթ է, որն իրականում կաշառք ու կոռուպցիա է: Դրա դեմ պետք է պայքարել»,- ասաց նա:
Մեջբերելով 2010 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշմանը՝ նա նկատեց, որ Կառավարությունը հաստատել է Հանրակրթության դպրոցների ներքին ու արտաքին գնահատման չափանիշների մասին օրենք, ըստ որի՝ խրախուսվում է ծնողների կողմից դրամահավաքությունը դպրոցներում, սակայն դա այն չէ, ինչ այսօր տեղի է ունենում: Ա. Բախշյանի համոզմամբ՝ սա իրականում «աֆյոռա» է, որն համարվում է կարգազանցություն:
«Լավ եք անում, որ դրամահավաք դպրոցներում չեք կազմակերպում, սակայն պարտավոր եք կազմակերպել նաև ծնողների ներդրումը դպրոցներում: Եթե օրենքն իսկապես գործի, ապա դրամահավաքությունը կվերածվի ներդրումային գործունեության, ինչն ավելի խրախուսելի է: Բայց այսօր դրամ են հավաքում քննությունների, ատեստատ գրելու, հավաքարար պահելու և չգիտես ինչերի համար: Միջանցքները մաքրելու համար կառավարությունը հատկացնում է համապատասխան գումար: Համամիտ եմ, որ առաջին և երկրորդ դասարաններում երեխաները չեն կարող դասարան մաքրել, բայց բարձր դասարաններում երեխաները նախկինում սահմանում էին հերթապահություն և օրվա վերջում մաքրում դասարանները: Սեփական դասասենյակը մաքրելը շատ կարևոր դաստիարակություն է»,- նկատեց Ա. Բախշյանը՝ ծնողներին հորդորելով, որ այլևս դասարան մաքրելու համար դպրոցներում գումար չտան:
Ինչ վերաբերում է քննություններին, նա նկատեց, որ տարբեր դպրոցներում այդ նպատակով տարբեր չափի գումար է հավաքվում:
«Հայտնի չէ, թե ինչի համար են 4-5 հազար դրամ հավաքում, այն դեպքում, երբ թուղթն ու գրիչը տրվում են անվճար: Իրենց նախաճաշի համար են այդ գումարները հավանաբար հավաքում (նկատի ունի մանկավարժներին-aysor.am), որպեսզի հավաքվեն ու հետո քեֆ անեն: Սա հակադաստիարակչական երևույթ է, որը զրոյացնում է իրենց արած աշխատանքը»,- ասաց նա: