20/05/2015 13:44
Պալաչը պարզաբանում է. Բերման են ենթարկել ոչ թե ինձ, այլ՝ եղբորս ու ընկերներիս
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) և նրա ընկերներին ոստիկանները բերման չեն ենթարկել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Հարությունյանը ասաց, որ իրեն բերման չեն ենթարկել, բայց իր եղբորն ու իր ընկերներին են բերման ենթարկել: Հարցին՝ ճի՞շտ է, որ նրանց պառկեցրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները, նա պատասխանեց.
«Նման բան չի եղել, ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում գտնվել են նրանք և տարել ոստիկանություն: Կպարզաբանեն, բաց կթողնեն»:
Հարցին՝ ինքը որևէ կասկած չունի, դա ինչի՞ հետ է կապված, նա պատասխանեց, որ ոչ:
Հիշեցնենք, որ armtimes.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) և նրա ընկերներին: Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները: