20/05/2015 18:02
Նախարար. Մենք ունենք պայմանագիր և ավելի էժան գազ չենք կարող ձեռք բերել
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե Կառավարությունը ունի՞ հատուկ ռազմավարական հայեցակարգ, ըստ որի, Հայաստանի անվտանգությունը էներգահամակարգում ապահովված է:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանն այսօր ակտիվ համագործակցում է Իրանի հետ, սակայն այդ համագործակցության արդյունքում հայտնի չէ, թե այս առնչությամբ ձևակերպված ինչ փաստաթուղթ գոյություն ունի:
«Արդյոք կա՞ գրավոր փաստաթուղթ, որին մենք կարող ենք ծանոթանալ: Կառավարությունը արդյոք ունի՞ ապագա ռազմավարական ծրագիր, որը վերաբերում է երկաթգծի, նավթամուղի ու նոր գազամուղի կառուցման վերաբերյալ իբրև միջնորդ երկիր»,- հետաքրքրվեց պատգամավորը և հարցրեց՝ ի՞նչ բանակցություններ են ընթանում Իրանից էժան գազ ստանալու ուղղությամբ:
Ի պատասխան հարցին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ասաց, որ հայ-իրանական միջկառվարական հարաբերությունները դրական տեղաշարժով շատ արագ զարգանում են, Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է ինչպես տնտեսական, այնպես այլ հարցերի շուրջ:
«Այդ հարաբերությունների ընդլայնման շրջանակը քննարկվել է նաև Իրան կատարած այցի ժամանակ: Կրկնում եմ՝ քննարկվել են բոլոր հարցերը, որոնք առնչվում են տնտեսությանը, մշակույթին և յուրաքնչյուր ոլորտի հետ կապված ներկայացվել են առանձին հարցեր: Հաշվի առնելով, որ սպասվում է նաև Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում, մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ բացի այն աշխատանքները, որոնք վերաբերում են միջկառավարական հարաբերություններին, լրացուցիչ հանդիպումներ ևս տեղի կունենան: Հաշվի առնելով այն, որ հարցը բավականին ծավալուն է, պատրաստ ենք գրավոր հարցի դեպքում ավելի մանրամասն պատասխանել»,- հայտարարեց նախարարը:
«Գազի գնի հետ կապված չպատասխանեցիք»,- նկատեց Փոստանջյանը:
«Միջկառվարական հանձնաժողովի աշխատանքները միտված են ընդհանուր շահերի ու տնտեսության ոլորտում համագործակցությանը: Առանձին որևէ փաստթուղթ չկա: Ինչ վերաբերում է էժան գազին, ապա մենք քաջ գիտակցում ենք այդ հարցի կարևորությունը, բայց Հայաստանը տարածաշրջանում ստանում է ամենաէժան գազը սահմանի վրա: Ավելի էժան գազ ձեռք բերելու ուղղությամբ առայժմ Իրանի հետ բանակցություներ չեն տարվել: Մենք ունենք համապատասխան պայմանագիր և ավելի էժան գազ մենք չենք կարող ձեռք բերել»,- եզրափակեց նախարարը: