20/05/2015 17:30
Ե. Զախարյան. ՀԷՑ-ում ֆինանսական չարաշահումների մասին տեղեկատվության չենք տիրապետում
Տեղեկություններ տարածվեցին, որ ՀԷՑ-ը շուրջ 200 մլն գումար է տրամադրել իր իսկ հասցեին գրանցված մի ընկերության, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցել ընկերությանը: Հայտնի է, որ բազմաթիվ մասնաճյուղեր կան, որոնց ղեկավարները քանիցս նկատողություններ են ստանում կորուստները մի քանի անգամ գերազանցելու համար, բայց աշխատանքից չեն հեռացվում: Այսպիսի փաստերը շատ են: Հարցս` պատրաստվո՞ւմ եք այս և այլ հիմքերով փաստերի վրա դատախազություն դիմել` քրգործ հարուցելու համար: Այս մասին ԱԺ-ում ` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրը այսօր ավելի քան օրակարգային է:
Արձագանքելով հարցին՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ իսկապես բավականին դժգոհություններ ու բողոքներ կան ՀԷՑ-ում տիրող իրավիճակի հետ կապված, նաև կան դժգոհություններ, որ այնտեղ կան ֆինանսական մեծ խախտումներ: Բայց.
«Նախարարությունը այդ տեղեկատվությանը չի տիրապետում և օրենքով ոչ մի լիազորություն չունի ուսումնասիրություն իրականացնել: Դա բնագավառի տիրույթն է, իսկ օրենքով սահմանված է յուրաքանչյուր կառույցի պարտավորություններն ու լիազորությունները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, որ նույն այդ տեղեկություններին զուգահեռ այսօր շրջանառվում են, ապա նախարարը նշեց, որ նման մեծ կորուստների պայմաններում, իրոք, հնարավոր են և՛ գողության, և՛ կոռուպցիոն ռիսկեր: Դրանից ելնելով է, որ նախարարությունը շուրջ հինգ ամիս ուսումնասիրություններ է իրականացնում համակարգում և պարզել են բոլոր այն խնդիրները, որոնք բերում են նման կորուստների: Այդ արդյունքները ներկայացվել են, այդ թվում և Կառավարությանը, որպեսզի առաջիկա տարիներին իրականացվեն անհրաժեշտ միջոցառումները:
«Ես համոզված եմ, որ այդ ամենի արդյունքում մոտակա երկու տարիների ընթացքում կորուստները կնվազեն մեկ-երկու տոկոսով, ինչը կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Ե. Զախարյանը:
«Չուղարկենք բա՞ նյութերը դատախազություն: Ես պատրաստ եմ ձեզ աջակցել»,- արձագանքեց Տ.Ուրիխանյանը` շեշտելով, որ ՀԷՑ-ը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է, քանի որ սպառողների դժգոհությունն է հարուցում, որոնք էլ նրան, փաստացի հարստացնում են:
«Նախարարությունը որևէ տեղեկատվության, որևէ փաստի չի տիրապետում, որպեսզի համապատասխան նյութեր ներկայացնի պատկան մարմիններին: Բայց եթե դուք պատրաստ եք անուններ տալ ու տեղեկություններ տրամադրել, մենք պատրաստ ենք ուսումնասիրել դա»,- միայն ասաց Ե.Զախարյանը: