20/05/2015 18:50
Հովիկ Աբրահամյանը՝ քաղաքապետի պաշտոնում որդու առաջադրվելու մասին. Ես չեմ միջամտելու
Կառավարության հետ հարց ու պատասխանից հետո ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դուրս գալով խորհրդարանի դահլիճից, շատ կարճ ժամանակով շփվեց լրագրողների հետ։
Նա միայն մի հարցի պատասխանեց, որը վերաբերում էր Արտաշատում քաղաքապետի ընտրություններում իր որդու առաջադրմանը:
«Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ, և ինձ ասաց, որ նման առաջարկ է ստացել»,- ասաց նա:
Հարցին՝ Ձեր խորհուրդը՝ որպես հայր և որպես վարչապետ, նա արձագանքեց. «Ես ասել եմ, որ ծանր և պատասխանատու աշխատանք է, նաև՝ ծանր ու պատվաբեր: Եվ եթե հաջողի նա ընտրվի, նրան հաջողություններ եմ մաղթում: Ասել եմ, եթե արտաշատցիները իրենց ձայնը տան քեզ, ինքդ որոշիր, եթե դու կարող ես այդ ծանր բեռը վերցնել քո ուսերի վրա, գնա՛, առաջադրվի՛ր և ընտրվի՛ր, ես չեմ միջամտելու»,-եզրափակեց Հ. Աբրահամյանն ու հեռացավ։