20/05/2015 12:16
Արթուր Հակոբյան. Տաթևիկի բուժման հետ կապված մեր պահանջները ներկայացրել ենք Վարդան Պետրոսյանին
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը իր կողմից առաջարկներ է ներկայացրել Վարդան Պետրոսյանի կողմին՝ ի պատասխան Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալու առաջարկության: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տաթևիկ Հակոբյանի հայրը՝ Արթուր Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Վ. Պետրոսյանը հայտարարում է խոսափողների առջև, որ պատրաստ է հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը, այնինչ պարտավոր էր դա անել:
«Ով որ ասի՝ դե ավտովթար է, արդեն մեկ տարի է անցել, նույնը իր ընտանիքին եմ ցանկանում: Իմ վերքը երբեք չի սպիանա, կանգնած վիճակում եկել խփել է մեքենային, երկու 16 տարեկան երեխա ենք կորցրել, մեկն էլ վթարից հետո 50 օր անշարժ պառկած է եղել, հիմա առնվազն ինքը պետք է հոգա նրա բուժման ծախսերը այն բժշկական հաստատություններում, որտեղ մեր բժիշկն է նպատակահարմար գտնում»,-ասաց նա:
Ա. Հակոբյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանի կողմը առաջարկել է Տաթևիկի բուժումը կազմակերպել իրենց հարմար տարբերակով, ինչին իրեն դեմ են:
«Մեզ առաջարկեցին Տաթևին բուժել Կարմիր խաչում, ասացին, ինչ-որ համաձայնություն ունեն, սակայն ո՞վ է հարցրել մեզ կամ Տաթևին՝ արդյոք ուզում է այնտեղ բուժվել, կարող է, ես ուրիշ տեղ եմ տանում նրան բուժման: Մեր պահանջն է, որ նրանք հոգան Տաթևի բուժման բոլոր ծախսերը, որոնք նրա բուժող բժիշկը նպատակահարմար կգտնի և դրա վերաբերյալ ուրբաթ օրը մենք մեր առաջարկներն ենք արել»,-ասաց նա:
Ա. Հակոբյանի խոսքով՝ իրեն առձեռն գումար պետք չէ, թող այդ գումարը փոխանցվի այն հիվանդանոցներին, որոնք էլ կբուժեն:
Նա ասաց, որ Տաթևիկը այժմ վերականգնողական բուժում է ստանում, և եթե Վ. Պետրոսյանի կողմին թվում է, որ մեկ-երկու ամիս որևէ տեղ հոգալով նրա բուժման ծախսերը, կարող է հրաժարվել դրանից, ապա սխալվում է, քանի որ նա պետք է հոգա ամբողջական բուժումը:
«Ինչ կապ ունի՝ դերասա՞ն է, թե երգիչ, բանվորը վատ մարդ է, ինչ է՞, որ պաշտպանում են նրան, ինչ է, թե բեմ է բարձրացել, ելույթ ունեցել, մենք երբեք չենք հաշտվի, որովհետև երեխաներիս հետ չես բերի: Թող երեխաներիս հետ բերի, ես իրեն միլիոն կտամ»,-ասաց նա: