20/05/2015 16:29
Գլխավոր դատախազն՝ ԱԺ-ում. Չի եղել մի դեպք, որ որևէ դատախազ մնա անպատիժ
Չի եղել և չի կարող լինել մի դեպք, որ որևէ դատախազ իրեն դուրս դնի իր լիազորությունների շրջանակից և մնա անպատիժ: Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2014 -ի Գլխավոր դատախազության գործունեության ծրագիրը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ 8 պաշտոնյա քրեական պատասխանատվության է ենթարկվել, իսկ ևս երկուսի նկատմամբ քննություն է ընթանում:
Նրա խոսքով՝ պետական ցանկացած կառույց պետք է ունենա հաշվետվողականության պաշտաճ մեխանիզմներ, իսկ ԱԺ-ում հաշվետվության ներկայացումը չի կարող լինել ինքնանպատակ. «Սա առանցքային հարթակ է, որ արձանագրենք դատախազության գործունեության արդյունքները և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված քայլերը»:
Գ. Կոստանյանը նշեց, որ 2013 թ. ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նա մատնանշել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնք Գլխավոր դատախազ ընտրվելու դեպքում դրվելու էին իր առջև և իր ելույթը ուզում է սկսել այդ առաջնահերթությունների ուղղությամբ կատարված աշխատանքին անդրադառնալով:
«Առաջնահերթություններն էին կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալ դատախազների հանդեպ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքություն ապահովումը և անպատժելի մթնոլորտի վերացումը: Կոռուպցիայի վերաբերյալ ես վստահեցնում եմ, որ իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, դատախազության համակարգի կեսից ավելին նոր կադրերով է համալրվել: Կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալիզմը չեն կարող տեղ ունենալ դատախազության համակարգում, դա անընդունելի է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է և նրա ամեն գործողության կամ որոշման հետևանքով խեղվում կամ կարող են խեղվել մարդկային ճակատագրեր»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ իր խնդիրն է, որ համակարգը համալրված չլինի տեխնիկակական աշխատողներով:
«Ամեն ինչ անելու եմ և արել եմ, որ մարդիկ գործ չունենան կաշառակեր ու ոչ պրոֆեսիոնալ դատախազի հետ: Դատախազության համակարգում անզիջում եմ ցանկացած բնույթի կոռուպցիայի հանդեպ: Դատախազի թեկնածուն պետք է լինի գրագետ, աշխատասեր ու ազնիվ»,-ասաց նա: