23/05/2015 13:11
ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։
Երկուշաբթի Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ կունենան։
«Առաջիկա այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության համատեքստում... Մայիսի 25-ին բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ավելի քան երկու տասնամյակ շարունակում է կարևոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը՝ հակամարտության լուծումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի և ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- ասված է հաղորդագրությունում:
Նաև նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում և Կասպյան շրջանում։