23/05/2015 13:24
Կարինե Դանիելյան. Համոզված եմ՝ ուզում են բուհերի շենքերը ծախել, դարձնել բիզնես, ինչն անթույլատրելի է
Բուհերի՝ տեղից տեղ տեղափոխելը գիտակարթական համակարգին տրված վերջին հարվածը կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգազման ամբիոնի վարիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ դասախոսների և ուսանողների կարծիքով էլ, բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելը սխալ է և կործանարար, իսկ այս դեպքում իրենց միակ նպատակն է վաճառել այդ շենքերը:
«Իհարկե, եվրոպական երկրներում համալսարանական քաղաքների մոդելը շատ հաջողված է, սակայն գրեթե նույն մոդելը առկա է նաև Հայաստանում, այն է՝ Երևանի Փոքր Կենտրոնում բուհերը մեկը մյուսից երկու քայլի վրա են գտնվում, իսկ այստեղ խնդիր է ընդամենը լաբորատորիա տեղափոխելը, ուր մնաց ամբողջ բուհը: Իսկ ինչպե՞ս են տեղափոխելու բուհական համակարգը սնող աղբյուրները՝ գրադարանները, Գիտությունների ազգային ակադեմիան: Համոզմունք ունեմ, որ ուզում են ինչ հնարավոր է՝ այս դեպքում բուհերի շենքերը, ծախել, դարձնել բիզնես, ինչը անթույլատրելի է: Ես դեմ չեմ Գյումրիի զարգացմանը, սակայն ոչ բուհերի ամբողջական տեղափոխման հաշվին: Կարելի է այնտեղ ուղղակի բուհերի մասնաճյուղեր հիմնել, բարձր թոշակներ սահմանել և այլն»,- ասաց նա:
Կ. Դանիելյանի խոսքով՝ այս հարցը պետք է լուծվի առնվազն հանրաքվեի միջոցով:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՊՄՀ ուսանողուհի Գայանե Ներսիսյանի հավաստմամբ՝ ուսանողներն ու դասախոսները չեն հասկանում՝ ինչո՞ւ պետք է գնան ուսանելու Գյումրիում, և եթե նման որոշում կայացվի՝ իրենք պատրաստ են ոտքի կանգնել: