25/05/2015 11:23
Որքանո՞վ է ռիսկային ու վտանգավոր ՀՀ արտաքին պարտքը
2014թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 441.5 մլն ԱՄՆ դոլար, դրանից Կառավարության մասնաբաժինը եղել է 4 մլրդ 1.6 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին Ազգային Ժողովում մեկնարկած «Հայաստանի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա պարզաբանեց, որ Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի մասը կազմել է 3 մլրդ 345.3 մլն դոլար, ներքին պարտքը՝ 656.3 մլն դոլար.
«440 մլն դոլարը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է»,- նշեց նա:
Արձագանքելով ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հարցին, թե ինչքանով է պարտքը վտանգավոր ու ռիսկային Հայաստանի համար, Ա.Ջանջուղազյանն ասաց, թե դա գնահատվում է որոշակի ցուցանիշներից ելնելով ու որոշակի չափորոշիչներով.
«Ընդունված է, որ երբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60 տոկոսը երկիրը դառնում է պարտքի և կայունության կառավարման տեսակետից ռիսկային: Դա սահմանված է նաև մեր երկրի օրենսդրությամբ : Հայաստանը դեռ այդ սահմեններին չի հասել՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է դեռևս կառավարելի մակարդակում»,- հավաստիացրեց գլխավոր գանձապետը:
Ի դեպ, նա նաև ասաց, թե բերել է իր հետ հիմնավորող փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Հայաստանը գնահատվում է իբրև նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: