27/05/2015 14:13
Կանցկացվեն հայ-կիպրական զորավարժություններ
Պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ աջակցության և ընդհանուր մոտեցումների հիմքի վրա: Այս մասին այսօր Պաշտպանության նախարարությունում Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ շուտով, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն հայ-կիպրական զորավարժություններ:
Նման առաջարկ Սեյրան Օհանյանին արել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարը:
«Հայկական կողմն ընդունում է այդ գաղափարը, և մարտական ու օպերատիվ պատրաստության պատասխանատուներին հանձնարարություն է տրվել, որպեսզի ծրագրավորեն և որոշեն այն գործողությունների շրջանակը, որոնք իրականացվելու են»,- ասաց Սեյրան Օհանյանը :
Նա ընդգծեց, որ Կիպրոսի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում նշվել են բոլոր այն ուղղությունները, որոնցում կլինի համագործակցություն:
«Ստորագրեցինք 2015թ. համագործակցության պլանը, որը ներառում է ունեցած բոլոր ուսումնական վարժական փորձագիտական հնարավորությունները»,- ասաց Սեյրան Օհանյանը ավելացնելով՝ հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ստեղծվել է միջպետական կառավարական հանձնաժողով: