Պատգամավորները խոստացել են նաիրիտցիներին գործարանի հարցը նորից բարձրացնել ԱԺ-ում
02/06/2015 15:13

Պատգամավորները խոստացել են նաիրիտցիներին գործարանի հարցը նորից բարձրացնել ԱԺ-ում

Այսօր նախգահականի մոտ Նաիրիտ գործարանի նախկին և ներկա աշխատակիցներն անցկացրեցին իրենց հերթական բողոքի ակցիան: Aysor.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենց պահանջները չեն փոխվել.

«Նախ և առաջ շարունակում ենք պահանջել աշխատավարձերի պարտքի մարում և հետո նաև «Նաիրիտի» վերագործարկում»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ նախագահականի մոտ բողոքի ակցիայից հետո դրա մասնակիցները իջել են Ազգային ժողովի մոտ, որտեղ իրենց են մոտեցել ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները:

«Պատգամավորները մեզ խոստացան, որ հարցը նորից կբարձրացնեն Ազգային ժողովում»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Հարցին՝ իսկ փոփոխությունների բացակայության դեպքում ի՞նչ հետագա քայլերի են պատրասվում դիմել նաիրիտցիները, մամուլի քարտուղարը պատասխանեց՝ իրենք հետ չեն կանգնելու:

«Մեր բողոքի ակցիաները կդառնան ավելի վճռական»,- ամփոփեց նա:

Պատգամավորները խոստացել են նաիրիտցիներին գործարանի հարցը նորից բարձրացնել ԱԺ-ում