09/06/2015 21:53
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գոծով 2 մարդ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ կիրառված բռնի գործողությունների հետևանքով Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, միջին ծանրության մարմնական վնաս։
Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրած անձանց ինքնությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպին ներկա բոլոր անձանց գործողությունները, մասնակցության աստիճանը պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեից, սակայն, չեն հստակեցնում՝ ովքեր են ձերբակալվածները:
Aysor.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է:
Նշենք, որ Սդղի Գյոլում տեղի ունեցած միջադեպին մասնակից է եղել նաև Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: