11/06/2015 17:22
Թուրքիայի նախագահը հանձնարարել է արագ կոալիցիոն կառավարություն ձևավորել
Հիշեցնենք, որ իշխող կուսակցությունն ընտրության արդյունքում չէր կարողացել բացարձակ մեծամասնություն կազմել և Դավութօղլուի կառավարությունը հրաժարական էր տվել: Թուրքիայում ստիպված կոալիցիոն կառավարություն են կազմելու: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Էրդողանն արդեն կոալիցիոն գործընկերներ է փնտրում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա այս մասին խոսել է նաև Անկարայում բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: «Կոալիցիոն կառավարությունը պետք է ձևավորվի որքան հնարավոր է արագ։ Ոչ ոք չի կարող իր վրա վերցնել երկիրն առանց կառավարության թողնելու պատասխանատվությունը։ Պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և ասել ոչ թե «ես», այլ՝ «մենք»»,- հայտարարել է նա:
Թուրք առաջնորդը կոչ է արել որքան հնարավոր է արագ կոալիցիոն կառավարություն ձևավորել՝ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, սակայն Թուրքիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի վերջին հույսն է: Նա համոզմունք է հայտնել, թե այդ կուսակցությունն, անկասկած, Թուրքիայի քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն է ունեցել և շարունակելու է այդպիսին մնալ:Նախնական տեղեկություններով՝ Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը, հավանաբար, կկայանա հունիսի 23-24-ին՝ ընտրությունների արդյունքները հայտարարելուց ուղիղ 5 օր անց։ Պատգամավորները պետք է ընտրեն խոսնակին և հաստատեն կառավարության նոր կազմը։ Եթե պատգամավորներին չհաջողվի հաստատել նոր կազմը 45 օրվա ընթացքում, նախագահը կլուծարի խորհրդարանը և կնշանակի նոր՝ արտահերթ ընտրությունների մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայիում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Դավութօղլուի կառավարությունը հրաժարական է տվել: