18/06/2015 17:29
ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացն իրականացվում է ըստ ժամանակացույցի
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Մամուլում շրջանառվող լուրերը, թե «որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում», իրականությանը չեն համապատասխանում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հավաստիացնում է, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան: Ավելին, ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան:
Տեղեկացնենք նաև, որ հունիսի 1-ին Մոսկվայում ՀԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիսի» (գլխավոր կապալառուի) միջև նախաստորագրվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման վերաբերյալ» պայմանագիրը, որն առաջիկայում, ՀՀ ԷԲՊՆ կառավարման խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներկայացվի ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Տեղեկացնում ենք նաև, որ փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի և «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները»,- ասվում է ԷԲՊՆ հաղորդագրության մեջ::