23/06/2015 12:33
Պարտադիր չէ, որ քաղաքական ուժերը այնտեղ լինեին. Աղվան Վարդանյան
Հիմա կարելի է խելոք դեմք ընդունել ու ասել, որ ճիշը կլիներ, որ գնային բանակցեին, ճիշտ կլիներ, որ վերադառնային Ազատության հրապարակ.. բայց դա հարցի մի կողմն է, կարևորն այն է, որ հավաքված էր մեր երիտասարդությունը, գիտակից երիտասարդությունը, նրանք առավելագույնս կազմակերպված էին, խաղաղ ու օրինապահ. կատարվածը դատապարտելի է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նշենք, որ մինչ այդ ԱԺ նիստի մեկնարկին, երբ պատգամավորը ցանկություն հայտնեց իր գնահատականը հնչեցնել առավոտվա դեպքերի վերաբերյալ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան այդ իրավունքից զրկեց` զգուշացնելով, որ եթե խոսքը վերաբերի վերջին դեպքերին, ապա նա կանջատի խոսափողը:
Դաշնակցական պատգամավորը հայտարարեց, որ պետք է պահանջենք, որ ժամ առաջ բերման ենթարկվածները ազատ արձակվեն ու իշխանությունները հաշվի նստեն գիտակից, մտածող քաղաքացինեի հետ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ քաղաքական ուժերը փողոցում չէին, ցուցարարների կողքին չէին, Ա.Վարդանյանը նշեց, որ քաղաքացիաան հասարակությունը առաջին անգամ չէ, որ իր նախաձեռնությամբ է հանդես գալիս.
«Մենք մեր տեսակետը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ մշտապես արտահայտել ենք: Պարտադիր չէ, որ քաղաքական ուժերը այնտեղ լինեին, մենք ամբողջովին պաշտպանում էինք այդ դիրքորոշումը»:
Նա նաև ասաց, որ ընդմիջմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված է խորհրդակցություն և ինչ կարող են օրենքի սահմանում անել, Ազգային ժողովը կանի: