25/06/2015 11:17
Արամ Մանուկյանի ծեծի գործով Վերաքննիչ բողոք է ստացվել
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի փաստաբան Լիանա Բալյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ayosr.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբանը:
«Դատարանից խնդրել եմ Արշակ Սվազյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: ՀՀ ՔՕ 117 Հոդվածով ամենախիստ պատիժը 2-ամսյա կալանքն էր, որը և պահանջեց դատախազը, իսկ դատարանը տվեց մեկ ամիս կալանք, հիմնավորելով նրանով, որ Ազգային ժողովի պատգամավոր է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ 41-ամյա Արշակ Սվազյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 Հոդվածի հատկանիշներով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և դատապարտվել 1 ամիս ժամկետով կալանքի, որը նա պետք է կրի արգելանքի վերցնելու օրվանից: