26/06/2015 10:49
Վլադիմիր Գասպարան. Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք` վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի
Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա այցելելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նախ դիմեց հավաքի մասնակիցներին` խնդրելով անկախ ամեն ինչից, բոլոր ժամերին տարածքը մաքուր պահել:
Այնուհետև` լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ցուցարարների ու նախագահի հնարավոր հանդիպմանը.
«Ասվում է հանդիպում կլինի, եթե լինի ուղիղ եթեր: Նորից «եթե» պահանջներ: Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, ընդունում են: «Եթե այսպես, ապա այնպես»-ով չի լինում, այդպես արդար չի»:
Լրագրողների դիտարկմանը, որ նախագահին ընտրում է ժողովուրդն ու այդ եթե-ի իրավունքն ունի, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Եթե նախագահը ձեռք է մեկնում 1 օր, երկու օր, իսկ նրան ասում են կա՛մ այսպես կլինի, կամ՛ այսպես չի լինի, ուրեմն ուղղակի դեռ չկա ծրագիր և չկա խոսելու բան»,- ասաց ոստիկանապետը` ավելացնելով. «Եկեք բառակապակցությունների հետևից չընկնենք` իշխանությունները ծառաներ են, այսինչ են, այնինչ են: Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:
Նա նաև փաստեց, որ այսօրվա երիտասարդները լավն են, որակով են. «Ես կարծում եմ, որ պետք է ոչ միայն պարծենանք մեր երիտասարդներով, այլև նրանց պետք տանք այն դրականը, որ ունենք: Դատարկ հպարտությունները ոչ մի բանի չեն բերում, բերում են ինքնահավանության: Ես ընդունում եմ, որ մեր երիտասարդները մեզանից ավելի որակով են, միանշանակ որակով են, բայց տեսնում եմ նաև՝ շատ ժամանակ մեր ակունքները մոռացության են տրված....»:
Եզրափակելով խոսքը՝ ոստիկանապետն ասաց, սակայն, որ երիտասարադները փորձ չունեն և առաջնորդվում են ժխտողականությամբ. «Նրանք երկխոսությունը փակում են, սակայն պետք է երկխոսել»: