26/06/2015 16:34
Հրաժարականների պահանջը կախված է հենց ժողովրդից. Վ. Շուշանյան
Եթե ինչ-որ հարց բարձրացվում է ու այն լուծում չի ստանում, պարտադիր չի, որ ինչ-որ մեկի հրաժարականի պահանջն էլ լինի: Այս մասին Facebook-յան ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ պատասխանելով օգտատերի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում հրաժարականներ պահանջել, առավել ևս, եթե Բաղրամյանում հավաքվածների պահանջները չկատարվեն:
Սակայն, շարունակեց նա, կան նաև դեպքեր, երբ սոցիալական խնդիրը այնքան է հասունանում, որ բունտի է հասնում այդ ամենը և այդ դեպքում հնարավոր են մի շարք հրաժարականներ: Դա կախված է ժողովրդի պահանջատիրությունից ու հենց նրանց պահանջից:
«Արդյոք նրանք պատրաստ են պահանջել և հենց այդ պահանջի շուրջ սկսել պայքարել, թե ոչ»,- նշեց Վաղինակ Շուշանյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ հրաժարականների պահանջ իրենց օրակարգում չկա: