27/06/2015 12:35
Տարածքում մոլորված հորթի հայացքները ինքներդ եք տեսնում. Ոստիկանապետը Բաղրամյան պողոտայում էր
Ջրցան մեքենաներն այստեղ են, որ գեղեցիկ նայվեն: Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցերին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը
Նրա բնորոշմամբ՝ կենդանի պատն էլ դեկորացիայի նման մի բան է. «Մեր խնդիրն է հասարակական կարգի պահպանումը»,- հավաստիացրեց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Բաղրամյան պողտայում հանդիպում են ալկոհոլ օգտագործած քաղաքացիների, ոստիկանապետը կոչ արեց սթափ լինել և ասաց.
«Տարածքում մոլորված հորթի հայացքները ինքներդ եք տեսում, բոլորը պատասխանատվություն կկրեն դրա համար: Ես կողմնակից եմ նրան, որ ոստիկանությունը ստիպված չգործի և բոլոր խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ձևով: Ցանկացած զինվորականի, ոստիկանի ցանկությունն է դա»,- ասաց ոստիկանապետը:
Եթե կա օրինախախտում, շարունակեց խոսքը Վ. Գասպարյանը, ոստիկանությունը պետք է կասեցնի. «Ոստիկանների մեջ սադրիչներ չկան՝ պաշտոնապես հայտարում եմ: Ոստիկան-սադրիչ հասկացություն չկա»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, թե քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞րն ինչով են զբաղված, ոստիկանապետը պատասխանեց. «Եթե քաղաքացիական հագուստով ոստիկանը սխալ է կատարել, ես կգտնեմ նրան»:
Ինչ վերաբերում է երեկվա լարված իրավիճակին, Վ. Գասպարյանն ասաց, որ պատճառը հենց այն էր, որ որոշ մարդիկ փակել էին Մաշտոցի պողոտան.
«Հասկացանք Բաղրամյան պողոտան փակ է, բայց ի՞նչ է նշանակում Մաշտոցի պողոտան փակել. Ես դա հանդուրժել չեմ կարող»: