27/06/2015 13:42
Ա. Թավադյան. Էլէներգիայի թանկացման որոշումն առնվազն երեք ամսով պետք է հետաձգվի
Տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը վստահ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը պետք է հետաձգվի մինչև անկախ աուդիտի արդյունքների հրապարակումը:
«Առնվազն երեք ամսով այդ որոշումը պետք է հետաձգվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Տնտեսագետը անկախ աուդիտի անցկացումը՝ ուղղակի օրվա հրամայական ու անհրաժեշտություն է համարում: Եվ այս իմաստով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին հնչեցրած առաջարկը ողջունելի է.
«Ես կարծում եմ, որ այդ աուդիտում միջազգային փորձագետների ներկայությունն անհրաժեշտ է, բայց քանի որ մենք պետք է ցույց տանք, որ սա օբյեկտիվ աուդիտ է, անհրաժեշտ է ՌԴ Հաշվիչ պալատի և ՀՀ Վերահսկիչ պալատի համատեղ աուդիտ ևս: Բացի այս, ժողովրդի ներկայացուցիչները ևս դրանում պետք է ներգրավվեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փորձագիտական խումբը առաջին հերթին պետք է համաձայնեցվի ժողովրդի հետ, քանի որ դա է աուդիտի բացարձակ թափանցիկ լինելու երաշխիքը:
Աշոտ Թավադյանը շեշտեց՝ գնագոյացման մեխանիզմը ոչ մի դեպքում չպետք է հաշվի առնի այն անարդյունավետ ծախսերը, որ իրականացվել են՝ վատ մենեջմենթ և այլն, քանի որ «դա արդեն իրենց գործն է, մենք պետք է նայենք, թե ինչպես պետք է վերարտադրենք այն էներգիան»: Բացի այս, որ ամենակարևորն է, գնագոյացումը պետք է դիտարկվի գազի գնի հետ փոխկապակցված:
«Չի կարելի առաջին անհրաժեշտության ապրանքը թանկացնել առանց սոցիալական փոխհատուցման: Սա բանաձև է, որը ենթադրում է, որ փոխհատուցումը առաջին հերթին պետք է արվի թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ»:
Հիշեցնենք երեկ ՀՀ նախագահը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: