30/06/2015 11:55
Վարչապետ. Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խնդիրները շատ են, լուծումները հեշտ ու պարզունակ չեն
Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խնդիրները շատ են, լուծումները հեշտ ու պարզունակ չեն: Տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀԷՑ-ը, վարչապետի խոսքով, կուտակել է մեծ չափերի պարտքեր, որոնք կարող են համակարգի համար անդառնալի հետևանքներ ունենալ. «Սահմանվել է նոր սակագին, որը չէր կարող դժգոհություն չառաջացնել հասարակության մի հատվածի մոտ, սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում՝ հասարակության մեջ առկա անջրպետը վերացնելու համար»,- ընդգծեց Հ. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ պետք է անեն ամեն բան՝ էներգետիկ ոլորտն առողջացնելու և հասարակությանն աջակցելու համար:
Կառավարությունը, ինչպես ասաց վարչապետը, Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման: