07/07/2015 17:40
ԼՂՀ ԱԳՆ. Հուսով ենք՝ ԵԽԽՎ-ն թույլ չի տա իր հարթակը վերածել Ադրբեջանական քարոզչության ամբիոնի
Karabakh-open.info-ն զրուցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
-Պարոն Միրզոյան, նախորդ տարի ԵԽԽՎ-ում ընդունվեցին որոշումներ ԼՂՀ-ին առնչվող երկու զեկույց պատրաստելու մասին՝ «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված ձևով զրկվել են ջրից» անվանումներով։ Կա՞ն որևէ զարգացումներ այս հարցում։ Նախատեսվու՞մ է, արդյոք, զեկուցողների այցը Արցախ։
-Ինչ վերաբերում է զեկուցողների այցին Արցախ, ապա, համաձայն ընդունված կարգի, նրանք նման խնդրանքով պետք է դիմեն անմիջապես ԼՂՀ իշխանություններին։ Մինչ օրս տարբեր միջազգային առաքելությունների բոլոր այցերն Արցախ տեղի են ունեցել ԼՂՀ իշխանությունների համաձայնության և աջակցության պայմաններում։ ԼՂՀ իշխանությունները զեկուցողների այցի հետ կապված որոշում կընդունեն համապատասխան դիմումի առկայության և այցի նպատակահարմարության դեպքում։ Դեռեւս նման դիմում չենք ստացել, ուստի այցի հավանականության քննարկումը վաղաժամ ենք համարում։
Դրա հետ մեկտեղ հարկ եմ համարում նշել, որ թե այդ զեկույցների վերնագրերը, թե մինչ օրս դրանք պատրաստող պատգամավորների հայտարարությունները մեզ մոտ խորը կասկած են առաջացնում նրանց անկողմնակալության շուրջ։ Համոզված ենք, որ ԵԽԽՎ-ի պես հեղինակավոր կառույցը պետք է խուսափի Ադրբեջանի քարոզչական թեզերին համահունչ միակողմանի ձևակերպումներ պարունակող փաստաթղթերից, որոնք ոչ միայն միտված են դառնալու զուտ շահարկումների առարկա Ադրբեջանի կողմից, այլև ընդունման պարագայում կարող են լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին։ Հուսով ենք, որ ԵԽԽՎ-ն կցուցաբերի քաղաքական հասունություն և թույլ չի տա իր հարթակը վերածել Ադրբեջանի քարոզչության ամբիոնի։
-Օրերս ԵԽԽՎ-ում ընդունվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» խորագրով զեկույց։ Զեկույցի նախագծում տեղ գտած «Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների օկուպացիա» եզրը վերջնական տարբերակում փոխարինվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումով։ Սա Ադրբեջանում ընդունվեց ոչ միանշանակ։ Եղան նույնիսկ մեկնաբանություններ առ այն, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի Խորհրդից։
-Ադրբեջանն ավանդաբար ձգտում է օգտագործել միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԽԽՎ-ի կողմից տրամադրվող միջազգային հարթակն իր քարոզչության ու ապատեղեկատվության համար։ Մինչդեռ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների պաշտպանման համաեվրոպական առաջատար կառույց է, որը չի կարող անտեսել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված անմխիթար իրավիճակը։ Եվրոպայի Խորհրդին երկակի ստանդարտների կիրառման մեջ մեղադրելու փոխարեն տեղին կլիներ կատարել ստանձնած պարտավորությունները՝ ուղղված օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն Ադրբեջանում։ Դա ոչ միայն բխում է Ադրբեջանի ժողովրդի շահերից, այլև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարեւորագույն պայմաններից է։
-Օրերս ՄԻԵԴ-ը ընդունել է երկու որոշում։ Դրանցից մեկը՝ «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը Ադրբեջանը ներկայացնում է որպես հաղթանակ եւ յուրովի մեկնաբանում այն՝ իբրև միջազգային հանրությունը ճանաչում է, թե «Հայաստանը բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս փորձերը։
-Ադրբեջանի փորձերը՝ շահարկել ՄԻԵԴ-ի վճիռը, զուրկ են տրամաբանությունից և լիովին համահունչ են վերջինիս կողմից որդեգրած քաղաքականությանը՝ բոլոր հնարավոր միջոցներով խեղաթյուրելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունն ու խոչընդոտելու հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցերը ՄԻԵԴ-ի իրավասությունների շրջանակներում չեն, ինչի մասին միանշանակ կերպով նշված է նաև դատարանի որոշումների մեջ։ Հետևաբար, դատարանի վճիռը բանակցային գործընթացի ենթատեքստում դիտարկելու փորձերը զուրկ են որևէ հիմնավորումից։ ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է, բացարձակապես, անհատական առաջին հերթին՝ գույքային իրավունքների իրավական պաշտպանությանը։
-Ինչպե՞ս կարող են անդրադառնալ «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ-ի վճիռները փախստականների խնդիրը լուծելու վրա։
-Նշված վճիռները կրկին արդիական են դարձրել փախստականների և տեղահանված անձանց խնդիրը։ Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է և ի հայտ է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժով ճնշելու ադրբեջանական իշխանությունների փորձերի արդյունքում ծագած հակամարտության հետևանքով։
Ադրբեջանը համառորեն անտեսում է, որ ՄԻԵԴ-ը զուգահեռաբար քննում էր նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, որի դեպքում նույնպես դրական վճիռ է կայացրել։ Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունքում տեղահանված անձանց փոխհատուցման հարցը պետք է լուծվի փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: