23/07/2015 11:27
Հավանություն տրվեց մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ մեթոդաբանության առկայությունը կնպաստի մարզերում ներդրումների ներգրավմանը և նոր ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ տնտեսության զարգացման ներկա փուլում տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն խնդիր է համարվում ՀՀ մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների մեղմացումը, որի լուծման հիմնական ուղղություններից մեկը տարածքային միավորների (մարզերի և համայնքների) տնտեսական զարգացման ներուժի արդյունավետ օգտագործումն է:
Այս մեթոդաբանության հիմնական նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան նրանց տնտեսական զարգացման մակարդակը և երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական ու դրանք իրականացնել այն մարզերում, որոնց տնտեսական զարգացման ներուժի վարկանիշն ավելի բարձր է, քան տնտեսական զարգացման մակարդակը: